Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Թվեր և փաստեր Հայաստանից

20 տարի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի գործում

20 տարի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի գործում

Վարակի կանխարգելումը՝ առաջնային խնդիր Հայաստանում արդեն 20 տարի գործում է առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը, որն այսօր իրականացնում է ՄԻԱՎ-ի, ՁԻԱՀ-ի կանխարգելում, ախտորոշում, ամբուլատոր բուժում, դիսպանսերային հսկողություն, վարակի վերաբերյալ համաճարակաբանական հետազոտություններ, խորհրդատվություն եւ մոնիտորինգ։

 

2005թ. փետրվար ամսից կենտրոնն իրականացնում է հիվանդների անվճար հակառետրովիրուսային բուժում եւ վարակների կանխարգելում։

 

ՄԻԱՎ՝ ՁԻԱՀ-ով հիվանդները ստանում են նաեւ նեղ մասնագիտական բժշկական օգնություն։ Երեկ կենտրոնի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ միջազգային գիտաժողով էր կազմակերպվել «ՄԻԱՎ\ՁԻԱՀ-ի արդիական հարցերը» խորագրով։ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը նշեց, որ երբ 1988-ից Հայաստանում առաջին անգամ արձանագրվեցին ՄԻԱՎ\ՁԻԱՀ-ի դեպքեր, ընդամենը մեկ տարի անց՝ 1989-ին առողջապահության նախարարության համակարգում ստեղծվեց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը։ Կենտրոնի գործունեությունը 1997-ին ամրագրվեց «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության մասին» ՀՀ օրենքում։ ՄԻԱՎ\ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հանրապետական կենտրոնի տարեգրության մեջ մեծ իրադարձություն էր կենտրոնի նոր շենքի տրամադրումը, որն իրականացավ ՀՀ կառավարության եւ ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի եւ մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի աջակցությամբ, ինչի շնորհիվ հնարավորություն ստեղծվեց առավել ընդլայնել կենտրոնի գործունեությունը, ստեղծել նոր լաբորատոր ենթակառուցվածքներ։

 

Շատ կարեւոր էր նաեւ ուսումնական կենտրոնի հիմնադրումը, որտեղ վերապատրաստվում են այդ ոլորտին անհրաժեշտ մասնագետներ։ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի խոսքերով՝ Հայաստանն առաջիններից էր, որ կարողացավ 20 տարի առաջ ստեղծել մի կենտրոն, որը կազմակերպեց ամբողջ այն գործընթացը, որն ուղղված է ՄԻԱՎ\ՁԻԱՀ-ի կանխարգելմանը, վաղ հայտնաբերմանը եւ բուժմանը։ Հայաստանում այս տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ արձանագրվել է ՄԻԱՎ-ի 808 եւ ՁԻԱՀ-ի 371 դեպք, որոնցից 200-ի պարագայում արձանագրվել է մահ։ ՄԻԱՎ վարակակիրների 60 տոկոսը 25-30 տարեկաններն են։ Նրանց 70 տոկոսը արական սեռի ներկայացուցիչներ են։ Կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանի տեղեկացմամբ՝ վերջին տարիներին նկատելիորեն աճում է ՄԻԱՎ վարակակիր կանանց թիվը։

 

Առհասարակ վերջին 4 տարիների ընթացքում ավելացել է ՄԻԱՎ-ՁԻԱՀ–ով վարակվողների թիվը։ Ըստ բաշխվածության՝ ՄԻԱՎ եւ ՁԻԱՀ վարակակիրների 43,6 տոկոսը մայրաքաղաքում է։ Կենտրոնի տնօրենի տեղեկացմամբ, իրենց գործունեության մեջ նոր ախտորոշիչ միջոցների ներդրման շնորհիվ օր օրի ավելանում են ԱՊՀ երկրներից Հայաստան վերադարձողները, ովքեր նախընտրում են իրենց բուժման գործընթացը կենտրոնում անցկացնել։ Բացի այդ, ստեղծվել է նաեւ կամավոր հետազոտության ցանց։ Առողջապահության նախարարը լավագույն գործունեության համար պարգեւատրեց կոնտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանին։ Պատվոգրեր ստացան նաեւ կենտրոնի մի քանի աշխատակիցներ՝ անբասիր աշխատանքի համար։ Հ. Գ. Ինչ վերաբերում է հանրապետությունում H1N1 վիրուսային վարակի տարածմանն ու այդ ուղղությամբ նախարարության կողմից ձեռնարկվող միջոցառումներին, նախարար Քուշկյանն ասաց, որ վիճակը վերահսկելի է։

 

Շուրջ 10 օրով դադարեցվել է հանրակրթական դպրոցների եւ մանկապարտեզների գործունեությունը։ Դա թույլ կտա արդյունավետ ընդհատել գրիպի, սուր շնչառական հիվանդությունների տարածումը։ Ներկա դրությամբ H1N1 գրիպով հիվանդացության 40 դեպք է արձանագրվել, հիվանդների վիճակը, ըստ նախարարի, բավարար է, նրանք շուտով կապաքինվեն։

Հեղինակ. Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
Սկզբնաղբյուր. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ